Վանոն չի արձագանքել. լավ էլ արել ա…
“ԵԼՔ” քաղաքացիական նախաձեռնության համակարգող, կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանի խոսքով, քաղաքական վտարանդի Վանո Սիարդեղյանը չի արձագանքել ծննդյան շնորհավորանքներին եւ նախաձեռնության տարածած հայտարարությանը: “Եւ լավ էլ արել է, որ չի արձագանքել. դրան պետք է արձագանքեն այն քաղաքական ուժերը, որոնք կոչված են արձագանքել: Այն ուժերը, որ այսօր նույն հասարակությունից եւս 5 տարվա վստահության քվե են խնդրում, , այն ընդդիմադիր եւ կիսաընդդիմադիր ուժերը, որոնք մեզ խոստացել էին վերականգնել երկրում տապալված սահմանադրական կարգը: Վանոն այս երկրին տվել է ինչ կարող էր եւ ստացել պարտադիր աքսոր, նա ի՞նչ արձագանքի”,-ասաց Վարդուհին: Հիշեցնենք, որ “ԵԼՔ”-ը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն Սիարդեղյանի հետ վերադարձման: “Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին ընդառաջ գնալ 7000-ից ավելի քաղաքացիների ստորագրություններով վավերացված պահանջին, որովհետև անհասկանալի է այն քաղաքական միավորների գոյությունը, որոնք չեն արտահայտում հստակ ձևակերպված հանրային պահանջարկը: Սա ոչ միայն մեկ անձի պաշտպանության խնդիր է, այլև հույս՝ վերագտնելու երկրի խարխլված բարոյահոգեբանական ինքնությունը, քրիստոնեական արժեհամակարգը”,-ասվում է հայտարարության մեջ: