«Նոր են եկել ԱԺ և առաջին օրվանից պատկերացնում են՝ իրենք քաղաքական գործիչներ են» (տեսանյութ)
«Սահմանադրությունը և մեր այսօրվա կարգավիճակն այնպես է կառուցված, որ ընդդիմությունն իր դերակատարումն ունենա: Չեմ կարծում, որ եթե նույնիսկ դաշինքները միանային, օրենքը չանցներ: Եվ քաղաքական մեծամասնությունը, և ընդդիմությունը պիտի նոր կարգավիճակներ ձեռք բերեն»,-Henaran.am-ի հարցին, թե ինչ կլիներ, թե «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեր պետական բյուջեի հաշվետվության քվեարկությանը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ 53 կողմ ձայնով ընդունվեց բյուջեի հաշվետվության մասին որոշումը, իսկ «Ելք»ը նախքան քվեարկությունը հորդորեց «Ծառուկյան» դաշինքին չմասնացել քվեարկությանը, որպեսզի որոշումը չընդունվի, քանի որ իշխանության ձայները բավարար չէին: Արդյունքում «Ծառուկյան» դաշինքը մասնակցեց՝ դեմ քվեարկելով:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց՝ ընդդիմությունը քայլ առ քայլ գնում է իշխանություն դառնալու: «Մեր ընդդիմությունը մտածում է, և կարծում եմ, դրա մեջ ճշմարտություն կա, երբեմն էլ հայտարարում է, որ իրենք չեն եկել քաղաքականություն, որ ընդհանրապես մնան ընդդիմություն, այլ եկել են քաղաքականություն, որ կամաց-կամաց դառնան իշխանություն»:
Հարցին, թե չի բացառվում, որ 2018-ին «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Գ. Սահակյանն արձագանքեց. «Այս պահին նման դիրքորոշում դեռևս չկա, իսկ քաղաքական ուժերը միշտ էլ կարող են համագործակցել: Այսօր նույնիսկ, եթե քննադատվում է իշխանությունը, նրանց հիմնականում քննադատում են այն ուժերը, որոնք նախկինում ՀՀԿ-ի հետ կազմել են իշխանություն, հետագայում թողել են իշխանությունը: Ստացվել է, որ ամեն ինչ արել է «Հանրապետականը», իսկ մնացածները կատարել են իրենց գործերն ու գնացել են»:
Դիտարկմանը, թե իշխանության համար խորհրդարանական դաշինքները հարմար ընդդիմություն են, Գալուստ Սահակյանն ասաց, որ այսօր ինքը չի տեսնում ընդդիմադիր ճամբար, այլ տեսնում է միայն առանձին ընդդիմադիր գործիչների:«Ընդդիմությունում, քիչ թվով էլ իշխանությունում կան քաղաքական գործիչներ, որոնք նոր են եկել ԱԺ և առաջին օրվանից պատկերացնում են, որ իրենք քաղաքական գործիչներ են: Հետո, կամաց-կամաց մարդիկ կհասկանան, որ քաղաքականությամբ զբաղվելը ժամանակի բնույթ ունի, և ժամանակի մեջ պիտի քաղաքականության մեջ լինես, հետո նոր գաս ԱԺ»:
https://www.youtube.com/watch?v=FxmWT8JRuP0&edit=vd