Դատավորը ընդմիջումից հետո ընդմիջում հայտարարեց
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սևեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդմիջումից վերադառնալուց հետո կրկին ընդմիջում է հայտարարել:
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին դատավորն ընդմիջում էր հայտարարել, որ կարողանա ապահովել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի ներկայությունը: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հայտարարել էր, որ ինքը ցանկանում է, որ իրեն պաշտպանի նաեւ Տիգրան Հայրապետյանը, սակայն դատավորը նշեց, որ Հայրապետյանը 3-րդ նիստն է անընդմեջ, որ չի գալիս նիստերին, նույնը վերաբերում է Ներսես Պողոսյանին եւ Արայիկ Պապիկյանի պաշտպանությանը: Չնայած ամբաստանյալները հստակ հայտարարեցին, որ ուզում են իրենց պաշտպանի Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը:
Ընդմիջումից հետո Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ չեն կարողացել կապ հաստատել Արա Զաքարյանի եւ Նինա Կարապետյանցի հետ եւ որոշեց նիստը 1.5 ժամով ընդմիջել: Նշենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Այսօր դատարանը հեռացրեց նաեւ Սասունիկ Կիրակոսյանին: Դահլիճում մնացել է միայն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը եւ Գալուստ Գրիգորյանի պաշտպան Արկադի Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: