«Պապայի բալիկներ կան, որոնք ավելի լավ է բանակից կիլոմետրով հեռու մնան»
Պաշտոնյաների տղաների բանակում ծառայելը մետաղադրամի պես երկու կողմ ունի:
Նախ ժամանակին մարդիկ երազում էին զինվոր լինելու մասին, քանի որ դա ամենապատվաբեր աշխատանքներից մեկն է՝ զինվոր, ասպետ և այլն: Էլ չեմ ասում, թե աղջիկները ինչպես էին խենթանում պատերազմից վերադարձող զինվորների համար, որոնք իրենց ձիերին հեծնած հպարտ ու հաղթական կեցվածքով անցնում էին գյուղերով ու քաղաքներով:
Հետո ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ ճանապարհով գնաց ու որոշ մարդիկ սկսեցին փորձել իրենց հարազատներին հեռու պահել զինվորական ծառայությունից: Հանուն արդարության ասենք, որ ոչ բոլորն են հեռու պահել ու ոչ բոլոր չծառայողներն են փողով ազատված:
Սա մետաղադրամի մի կողմն է՝ խուսափել բանակում ծառայելուց:
Մյուս կողմը մի քիչ տարբեր է ու դրան շատ դեպքում ուշադրություն չենք դարձնում: Ձեզանից քանի՞ հոգին կցանկանար, որ իր տղան ծառայեր ձեր իմացած ամենավատ պաշտոնյայի տղայի հետ: Ավելին ասեմ՝ տվյալ պաշտոնյայի տղայի հետ 14 օր դիրքում ապրեր:
Հավատացեք, մի շարք պապայի բալիկներ կան, որոնք ավելի լավ է բանակից կիլոմետրով հեռու մնան, քանի որ բանակին ավելի շատ վնաս կտան, քան թշնամին: