08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեր ձեռքին են Աստծուն տեսնելն ու չտեսնելը

«ԵՍ ՄԻԱՅՆ ՆՐԱՆԻՑ ԵՄ ՍԱՐՍԱՓՈՒՄ ՈՒ ԴՈՂՈՒՄ, ԱՐՏԱՍՎՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՌԱՉՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՑ ԶՐԿՎԵԼ, ՆՐԱ ՔԱՂՑՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՏԵՍՆԵԼ ԵՎ ՆՐԱ ԵՐԱՆԱՎԵՏ ՁԱՅՆԸ ՉԼՍԵԼ»

«Չարհամարհենք Աստծո համբերատարությունն ու ներողամտությունը, քանի որ Աստծո բարությունը մեզ ապաշխարության է հրավիրում։ Մեր խստասրտության ու անզեղջ սրտի պատճառով մեզ համար բարկություն չդիզենք Աստծո արդար դատաստանի բարկության օրը Աստծո, Ով յուրաքանչյուրին հատուցում է նրա գործերի համաձայն» (հմմտ․ Հռոմ․ 2:4-6): Այլ Աստծո երկյուղով տնօրինենք մեր կյանքը՝ երկնչելով ոչ միայն դժոխքի տանջանքներից, այլև և մանավանդ Աստծո սիրուց ու Նրան տեսնելուց զրկվելուց, քանի որ Աստծուց մերժվելն ավելի սարսափելի է, քան սոսկալի գեհենը, հավիտենապես այրվելը և անքուն ու թունավոր որդը։

Քանզի շատերը միայն դժոխքից ու նրա տանջանքներից են սարսափում, իսկ ես միայն Նրանից եմ սարսափում ու դողում, արտասվում ու մեծապես հառաչում, որ կարող եմ Աստծո սիրուց զրկվել, Նրա քաղցր կերպարանքը չտեսնել և Նրա երանավետ ձայնը չլսել։ Եթե սա պատահի ինձ և այնուհետև թեկուզ դժոխքի կրակն ինձ այրի, վիհն ինձ ընդունի, որդերն ուտեն, թեկուզ մշտապես խավարի մեջ բնակվեմ, ինձ համար բոլոր այս դաժան տանջանքներից ավելի դառն ու մեծը Աստծո սիրուց զրկվելն է։

Իսկ ի՞նչ ասեմ տանջանքների մասին։ Եթե նույնիսկ Աստծո արքայությունը մտնեի ու ժառանգեի ամբողջ փառքը, սակայն չկարողանայի Տիրոջն այնտեղ տեսնել, այդ հանգիստ դժոխքից ավելի չար կհամարեի։ Իսկ եթե դժոխք մտնեի ու Նրան այնտեղ տեսնեի, ինչպես որ վայել է տեսնել Նրան ու Նրա սերը վայելեի, տանջանքները ոչինչ կհամարեի, այլև արքայությունից էլ պատվական։

Մեր ձեռքին են Աստծուն տեսնելն ու չտեսնելը։ Եթե այստեղ տեսնենք Նրան աղքատների մեջ ու քաղցրությամբ խնամք տանենք՝ քաղցածներին կերակրելով, ծարավներին ջուր տալով, մերկ անձանց հագցնելով, անտուններին օթևան տալով, հիվանդներին այցելելով ու բանտարկվածներին ազատելով, ապա հանդերձյալ կյանքում էլ կկարողանանք տեսնել Նրան և լսել Նրա քաղցր ձայնը․ «Եկեք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված երկնքի արքայությունը» (Մատթ․ 25:34), որին թող բոլորս էլ արժանանանք՝ շնորհով ու մարդասիրությամբ մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ