Շարունակական
««ՕՐՕ» դաշինքի պայքարն ուղղված պետք է լինի Հայաստանի պետականության ամրապնդմանը: Եթե բանակային իրադրության մեջ զինվորն ու զենքն են հաղթանակ բերում, ապա պետության գործունեության մեջ մնում է մարդը, իսկ մարդու զենքը պետության ներսում տնտեսությունն է: Այսօրվա իշխանությանը պետք է պարտադրել, որ ժողովրդին տան այդ զենքը»,-«Ժառանգության» համագումարի ժամանակ ասել է դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:
Նա խոսել է նաև ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններից՝ ասելով, որ արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում, միջազգային հանրության աջակցությամբ անցկացված յուրաքանչյուր միջոցառում պետք է առաջընթացի խնդիր լուծեր, զարգացման համար նախապայմաններ ապահովեր. «Չնայած խորհրդարանում չենք, սակայն հասարակական և քաղաքական գործունեության արդյունքում մենք կարող ենք մեր ազդեցությունն ունենալ»:
Նա նաև հավելել է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի սկզբունքները, գործունեության առաջիկայում կհրապարակվեն, սակայն դաշինքի համագործակցությունը, մտերիմ հարաբերությունները միանշանակ շարունակվելու են:
Հարցին, թե որ պարագայում փողոցային պայքար կընթանա՝ նկատի ունենալով, որ 2018-ին է հայտարարվելու, թե ով կգա կառավարություն, իշխանություն, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ով է լինելու կառավարությունում, ով է լինելու իշխանությունում, կարևորն այն է, որ մեր երկիրն առաջ ընթանա: Ես միշտ եղել եմ փոփոխությունների կողմնակից, որովհետև փոփոխությունները պաշտոնական ինքնանպատակություն չունեն, դրանք հանդիսանում են զարգացման և առաջընթացի հիմնաքարը»: