Երկիրը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը, դրանք ընդդիմության պրյոմներն են
«Ելքը» պարզապես քննադատում էր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն էլ վարչապետին էր քննադատում: «Այս 2 քաղաքական ուժերն ամեն մեկը մի ուղղություն էր վերցրել, որով էլ տանում էր իր քննադատությունը, բայց սրանք ընդհանրապես քաղաքական դաշտում նշանակություն չունեցող խնդիրներ են»,-ասել է Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն` անդրադառնալով Կառավարության ծրագրի քննարկմանը:
Գալուստ Սահակյանը կարծում է, որ լավ ծրագիր է ներկայացված, իսկ ընդդիմադիրները քննարկում էին, վարչապետին հարցնում, թե ով է լինելու վարչապետ: «Վերջին հաշվով վարչապետին ընտրում է քաղաքական մեծամասնությունը, իսկ վարչապետը շատ լավ է կատարում իր գործը: Ասել, թե վարչապետի տրամադրությունն ընկած էր, սրանք ընդամենը քաղաքական պրյոմներ են, որոնք մի 10 տարի առաջ ազդեցություն ունեին, հիմա չունեն»,-նկատել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա` սրանք ընդամենը ընդդիմության խաղերն են: «Իսկ այդ խաղերը մենք վաղուց արդեն տեսել ենք»:
Վերջինս հավելել է, որ այսօր ընդդիմության մեջ կան հաջողակ գործիչներ, սակայն չկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կարող են մրցել ու իշխանություն նվաճել:
«Ինձ համար էական չէ, թե ով է լինելու վարչապետը: Մարդիկ մտածում են, թե ում շատ ես սիրում, նա էլ պիտի լինի վարչապետ, ես էլ ասում եմ, որ Կարեն Կարապետյանը շատ հզոր տղա է: Իհարկե, նրան կցանկանայի տեսնել վարչապետ, եթե այս ծրագիրը գործողության մեջ դրվի, իսկ ես վստահ եմ, որ կդրվի գործողության մեջ այս ծրագիրը: Ինձ հարցնում են, թե ով է ղեկավարելու երկիրը, ես էլ ասում եմ, որ երկիրը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Այսօր չկա մի քաղաքական գործիչ, ով ավելի մեծ թիվ ունենա, մասնակցած լինի անկախության գործընթացին ու պատասխանատվություն կրի, դրա համար երկիրը պիտի ղեկավարի Սերժ Սարգսյանը»:
Նա հորդորել է չմտածել, թե վարչապետը չի ցանկանում, որ երկիրը նախագահը ղեկավարի: