Սբ. Թարգմանիչ-վարդապետների տոնին նվիրված Սրբազան Պատարագներ մատուցվեցին Վրաստանի հայկական եկեղեցիներում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչ Վարդապետներ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային –եկեղեցական տոներից է:
Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց հավուր պատշաճի: Այս տոնին էր նվիրված ճանաչված դաշնակահար, Թբիլիսիի նախկին բնակիչ, այժմ Գերմանիայում գործող Մամիկոն Նահապետովի դաշնամուրային երաժշտության համերգը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին:
Իսկ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչ քահանան էր Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ Հարությունյանը: Հատկանշական է, որ ի թիվս բազում հավատացյալների, Սբ. Պատարագին ներկա էին ՛՛Սբ. Մովսես Խորենացի՛՛ նախակրթարանի երեխաները և ՛՛Սբ. Գրիգոր Նարեկացի՛՛ հայերենի մեկօրյա վարժարանի սաները:
Հավարտ Պատարագի՝ Թեմակալ առաջնորդը քարոզ խոսեց օրվա խորհրդի, հայ ժողովրդի և հայ Եկեղեցու տարեգրությունում ազգի երևելիներ Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթև կաթողիկոսի, եռամեծար Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների մասին: Նա ի մասնավորի ներկայացրեց հայոց գրերի ստեղծման, հայոց պատմության, գիտության ու փիլիսոփայության զարգացման գործում այն մեծ դերակատարությունը, որի շնորհիվ ազգն ունի իր այբուբենը, դասվում է աշխարհի հնագույն և քաղաքակիրթ ժողովուրդների շարքը:
Այնուհետև հավատացյալների թափորը ուղղվեց դեպի Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոն, որտեղ ի խոնարհում ազգի մեծամեծների հիշատակի, կատարվեց հոգեհանգստի կարգ: Տոնական օրվա առթիվ շնորհավորեցին և սուրբ վարդապետների գործը շարունակելու կոչով հավաքվածներին դիմեցին ՛՛Վրաստան՛՛ թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը:
Թարգմանչաց օրվան նվիրված միջոցառումների հաջորդ հանգրվան դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը: Այստեղ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ դպրոցականների գրական մրցանակաբաշխության մասնակիցների պարգևատրման արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, ՛՛Կամուրջ գրական-մշակութային կապեր՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը, գրողներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ, ծնողներ: Միջոցառմանը ներկա էին դպրոցականներ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Մառնեուլիի շրջանների և գյուղերի դպրոցներից:
Գրական մրցանակաբաշխության պատվավոր հյուրերն էին Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և սիրիահայ դերասանուհի Մայտա Բոշկեզենյանը:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, անդրադարձ կատարելով մրցանակաբաշխության նպատակին և առաջադրանքներին, ընդգծեց մրցույթի կամավորական բնույթը: Նա բարձրաձանեց մրցույթի պահանջները՝ Հայոց Ցեղասպանության, Հայ գրատպության 500-ամյակի և հայ և վրաց ժողովուրդների բարեկամական կապերի թեմաներով գրական ստեղծագործություն:
Մրցույթին մասնակցել է 70 աշակերտ քաղաք Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ շրջաններից: Ներկայացված աշխատանքներից առանձնացվել է 25 լավագույնը և ներկայացվել է ՀՀ Սփյուռքի նախարարությանը:
Չսպասելով ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից արդյունքների հրապարակմանը, Վրաստանի հայ գրողների « Վերնատուն» միությունը ամփոփեց մրցույթի արդյունքները:
Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և նվիրեց տուն-թանգարանի պատվոգիրը և Թումանյանի ստեղծագործությունների հազվագյուտ նմուշների հրատարակություններ:
Բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը ողջունելով նախաձեռնությունը, բարեմաղթանքի խոսքեր ուղղեց մասնակիցներին, իսկ անձամբ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարին շնորհավորեց մասնագիտական օրվա կապակցությամբ , ով 60-ամյա գործունեության տարիներին իր փայլուն թարգմանությամբ վրաց հասարակայնությանն է ներկայացնում հայ գրականության գոհարները:
Պարգևատրվածների անունից շնորհակալության խոսք ասացին լավագույն աշխատանքների հեղինակներ Նինոծմինդայի Ջիգրաշենի դպրոցի աշակերտուհի Արմինե Գևորգյանը և Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտ Արամ Գրիգորյանը:
Հավարտ միջոցառման Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին և բարձր գնահատեց մրցույթի կազմակերպումը: Սրբազանը կարևորեց ընթերցանությանը, ստեղծագործական մտքի զարգացմանը միտված միջոցառումները, որոնք պետք է նպաստեն Վրաստանում հայ գրականության, հայ արվեստի, հայ մշակույթի զարգացմանը, ազգին տալով լավագույն զավակներ:
Սբ. Թարգմանիչ-վարդապետների տոնին նվիրված Սրբազան Պատարագներ մատուցվեցին Վրաստանի բոլոր գործող հայկական եկեղեցիներում: