Կանադայի խորհրդարանի պատգամավորը քննադատության է ենթարկել Ադրբեջանի գործողությունները
Սեպտեմբերի 23-ին Կանադայի հայ մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում հասարակայնության հետ, որին մասնակցում էր նաեւ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը: Հանդիպման ընթացքում խորհրդարանականը, մասնավորապես, ներկայացրեց իր տպավորությունները հուլիսին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին, որոնց ինքը մասնակցել է որպես դիտորդ: Կարիջիանիսը նշեց, որ անց են կացվել բարձր մակարդակով ընտրություններ, եւ այդ տեսակետից Արցախը կարող է օրինակ ծառայել մի շարք երկրների համար: Պատգամավորի խոսքերով, ինքը ականատես է եղել մի պետական համակարգի, որը ձեւավորված է լիարժեք եւ գործում է արդյունավետ:
Հանդիպմանը ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւս հանդես է եկել ելույթով, որից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին` կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի հետ: Անդրադարձ է կատարվել նաեւ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ նրան ներում շնորհելու հարցին: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը առավել սկզբունքային դիրքորոշում կմշակի ոչ միայն այդ փաստի, այլեւ ամբողջությամբ վերցրած` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ:
Ադրբեջանական կողմի գործողությունները քննադատւթյան ենթարկեց նաեւ Ջիմ Կարիջիանիսը, խոստանալով շարունակել ջանքերը, որպեսզի Կանադայի քաղաքական շրջանակները ավելի տեղեկացված լինեն Արցախի եւ հանրապետությունում առկա իրավիճակի մասին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն