Յուրի Վարդանյանը մեդալներ է շնորհել ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի անդամներին
Հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա է գտնվել ՀՖՖ-ի կազմակերպած ”Արարատ 73” -ի հոբելյանական հաղթանակներին նվիրված միջոցառմանը:
1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառապանծ հաղթանակների առթիվ կազմակերպված երեկոյին ներկա են եղել ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և մի շարք պաշտոնատար անձիք ու մտավորականներ:
Ողջունելով Խորհրդային միության մեջ ֆուտբոլի պատմություն կերտած, իրենց կատարյալ խաղով ու հաղթանակներով հայ ժողովրդին ցնծություն պարգևած ֆուտբոլիստներին` նախարար Յուրի Վարդանյանը մեդալներ և կոչումներ է շնորհել ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի անդամներին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել է թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, նախարարության հուշամեդալով` Հարություն Քեհեյանը և Հովհաննես Աբրահամյանը:
Ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ են շնորհվել թիմի անդամներ Արմեն Սարգսյանին, Արկադի Անդրեասյանին, Հովհաննես Զանազանյանին և Էդուարդ Մարկարովին:
”Արարատ 73” ֆուտբոլային թիմի մի շարք ֆուտբոլիստներ` Ալյոշա Աբրահամյան, Նորիկ Մեսրոպյան, Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Նիկոլայ Ղազարյան, Սուրեն Մրտիրոսյան, Արկադի Հարությունյան, Նազար Պետրոսյան և Սերգեյ Պողոսյան, նախարարի կողմից արժանացել են նաև ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը:
Երեկույթի ընթացքում հիշատակվել են նաև թիմի` կյանքից վաղաժամ հեռացած անդամների անունները: Հոտնկայս հարգվել է Ալեքսանդր Կովալենկոյի, Սանասար Գևորգյանի և թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանի խնկարկելի հիշատակը: