Ամբաստանյալը վատացել է. դատը հետաձգվեց
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 16-ին պետք է շարունակվեր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստը:
Սակայն նիստը հետաձգվել է ամբաստանյալ Արթուր Միհրանյանի ինքնազգացողության վատանալու պատճառով: Դատարանը որոշել է ամբաստանյալի համար շտապ օգնություն կանչել, նիստը հետաձգվել է կես ժամով:
Այսօր դատարան չի ներկայացել գործով վկա Մանուկ Ստեփանյանը, դատարանի որոշմամբ, հաջորդ դատական նիստին նրան բերման կենթարկեն:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: