Մեր անթասիբ, ստրուկ, 10 հազար դրամանոց ժողովրդին Պավլիկն ու Գայլն ափսոս են . Հրապարակ
Երկարատեւ ընդմիջումից հետո օրեր առաջ վերսկսվեց Նորք-Մւսրաշի զինված խմբի գործով դատական նիստը, ապա կրկին հետաձգվեց: Այս եւ այլ թեմաներով թերթը զրուցել է ընդհատակ անցած քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանի հետ, ով գործով ներգրավված է որպես ամբաստանյալ:
– Դատական նիստը կրկին հետաձգվել է Ձեր բացակայության պատճառով, ինչով էր պայմանավորված Ձեր չներկայանալը՝ բոյկոտում եք նիստերը:
– Երեկվա դատական նիստը չէր հետաձգվել միայն իմ բացակայության պատճառով, չէին ներկայացել նաեւ 4 պաշտպան: Իմ չներկայանալու պատճառն այն է, որ ունեմ առողջական խնդիրներ եւ մի որոշ ժամանակ կդժվարանամ վեր կենալ անկողնուց: Բացակայությանս պատճառն էլ բժշկի թղթով ներկայացրել եմ դատարան:
-Իսկ ինչպես եք գնահատում դատական նիստերի ընթացքը, Դուք եւս կարծում եք, որ նիստերը շոուից այն կողմ չեն գնում:
Դատական նիստերն ուղղակի խայտառակություն են, եւ, միանշանակ՝ ոնց ասում են, դատավորն այդպես էլ անում է: Դեռ դատական նիստը չբացված՝ պաշտպանների միջնորդությունները մերժվում են այդ հիմքով, իսկ դատախազինը՝ մշտապես բավարարում: Շոուն այն խոսքը չէ, եւ այդ ամենի արդյունքում տուժում են լիքը մարդիկ, մեկը՝ այն, որ ես հիմա չունեմ անձնագիր, դիմում եմ դատարան, անգամ չեն պատասխանում եւ ցուցաբերում են անգործություն: Անձնագիրս պետք է ներկայացնեմ հիվանդանոց, սակայն չեն տրամադրում, եւ նույն խնդիրը շատերի մոտ է՝ անիմաստ ձգձգումների ու թատրոնի համար:
-Ժամանակին հայտարարեցիք, որ հեռանում եք ակտիվ քաղաքացիական գործունեությունից, այս ընթացքում չեք մտափոխվել:
-Ակտիվ քաղաքացիական կյանքից բավականին հեռացել եմ երկու պատճառով, քանի որ, առաջին՝ ընտանիք եմ կազմել, սովորում եմ Փաստաբանական դպրոցում, ժամանակ շատ չի լինում: Եվ, երկրորդ՝ հասկացա, որ շատ իրադարձություններ հենց իշխանությունն է սարքում: Եվ շատ ակտիվ երիտասարդներ այն չեն, ինչ ցույց են տալիս: Առաջացավ վստահության խնդիր, որի պատճառով էլ հիասթափվեցի, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում ես միշտ կլինեմ այնտեղ, որտեղ պետք կլինի:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: