«Առանձնակի վերաբերմունք չկա»
«Աջակցել-չաջակցելու խնդիր չկա, մարդկանց իրավունքն է, դիմել են, առանձնակի վերաբերմունք չկա, խնդիր չեմ տեսնում, կլինեն իրավական գործընթացները, կտեսնենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք աջակցում են «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան Վանաձորի ավագանու նիստերի վերաբերյալ հարցով:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը:
Մեր դիտարկմանը, թե «Հայկական վերածնունդի» ավագանու խմբակցությունն էլ է Վանաձորում բոյկոտում ավագանու նիստերը, Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ այս որոշումը թողնված է տարածքային կառույցների վրա:
Հիշեցնենք, որ Գյումրիում ՀՎԿ-ն արդեն դադարեցրել է բոյկոտը: Կուսակցությունից այս որոշումը մեկնաբանում են որպես տարածքային կառույցի որոշումը: