Հիմա է ժամը.կհասնի ժամը, և կդադարի այս աշխարհի հանդիսախաղը
Արդյոք չե՞ք տեսել նրանց, ովքեր կանգնում են տեսանելի, ժամանակավոր և փտման ենթակա երկրավոր թագավորի առջև: Չէ՞ որ նրանք լինում են անշարժ, լռակյաց, հանգիստ, հայացքով չեն թափառում այս ու այն կողմ, այլ կանգնում են գլխիկոր, զգաստ և երկյուղով:
Այս բաները թող քեզ օրինակ ծառայեն, ով մարդ: Խնդրում եմ, դու էլ նույն կերպ կանգնիր Տիրոջ առջև, գոնե այնպես, ինչպես որ կկանգնեիր երկրավոր թագավորի առջև, չէ՞ որ երկնավոր Թագավորի առջև պետք է կանգնել էլ ավելի մեծ երկյուղով:
Չեմ դադարի կրկնել այն, ինչը հաճախ էլ ասում էի, մինչև որ ձեզ չտեսնեմ ուղղված: Եվ այսպես, գալով եկեղեցի՝ մտնենք այնպես, ինչպես պատշաճ է կանգնել Աստծո առջև՝ չսնելով մեր հոգիները չարությամբ, որպեսզի աղոթքի ժամանակ այնպես չստացվի, որ աղոթենք ինքներս մեր անձերի դեմ՝ ասելով. «Թող մեր մեղքերը, ինչպես մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»: Սարսափելի է այս խոսքը, և ով արտաբերում է այն, կարծես թե կոչ է անում Աստծուն՝ ասելով. «Ես թողեցի, ով Տեր, և Դու էլ թող»:
Թողեցի ես, թող և Դու, ներեցի, ներիր և Դու, ես չներեցի, մի ներիր և Դու, եթե ես չեմ թողել մերձավորիս, Դու էլ մի թող իմ մեղսագործությունները: Ինչ չափով չափեցի ես, թող նույն չափով և չափվի ինձ»:
Իմանալով այս ամենը ու խորհելով այն ահավոր օրվա մասին և պատկերացնելով այն դաժան կրակն ու սարսափելի պատիժը՝ ետ դառնանք այն ճանապարհից, որում թափառում էինք:
Կհասնի ժամը, և կդադարի այս աշխարհի հանդիսախաղը, և այլևս հոգևոր սխրանքներ գործելու ժամանակ չի լինի:
Հնարավոր չէ կյանքի վերջում զբաղվել հոգևոր գործերով, անհնար է այդ հանդիսախաղի ավարտին ձեռք բերել լուսապսակներ:
Այս ներկա ժամանակը ժամանակ է ապաշխարության, իսկ գալիքը՝ դատի, հիմա է ժամը հոգևոր սխրագործությունների, իսկ գալիքը՝ լուսապսակների, այժմ պահն է աշխատանքի, իսկ այնժամ՝ հանգստի և ուրախության, հիմա է ժամը հոգնատանջ լինելու, իսկ այնժամ՝ վարձատրության:
Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք և լսեք ջանասիրությամբ այն ինչ որ ասվում է ձեզ։
Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետ