Սերժ Սարգսյանը ձերբակալելու համաձայնություն է տվել. Հայկական Ժամանակ
Թերթի տեղեկություններով, երեկ աշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել են: Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Թերթի տեղեկություններով, Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել եւ միանգամից տեղափոխվել Աոսբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թերթի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ եւ 10 րոպե հետո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ինչի՞ց պաշտպանվեի: Ես չգիտեմ’ էս հրատապությունը ո՞ւմ համար էր, ի՞նչ էր նշանակում»,- ասաց պաշտպանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: