Այս դահլիճում սրբեր չկան…ընդդիմության առաջարկն ընդունվեց
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանը խմբակցությունների անունից ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ասաց, որ այս մարմնի ստեղծումը նոր միջազգային համագործակցության հնարավորություն կստեղծի: Ֆարմանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար չկա հստակ բանաձև, որ կարելի լինի պատճենել՝ անգամ սինգապուրյան մոտեցումը և շատ հաճախ մեջբերվող Վրաստանի մոտեցումը:
«Չկա մոդել, որի արհեստական կրկնօրինակումը կարող է խնդրի լուծմանը հանգել կամ արմատախիլ անել, որքան էլ քաղաքական կամքը լինի դոմինանտ, այդուհանդերձ կոռուպցիան քաղցկեղ է, որը բնորոշ է հասարակական հարաբերություններին, հատկապես պետությունը բռնել է զարգացման ուղին, այդ տեսանկյունից էլ փաթեթը բավական դրական է»,-ասաց նա:
Ապա հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ ամփոփոիչ ելույթով: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն որևէ երկրում կախվածության մեջ չի դնում մարմնի տիպից:
Ապա նա անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին, թե իշխանությունը քաղաքական կամք չունի՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: «Այս ամբիոնում որ քննարկում ենք, քաղաքական կամքի մասին չի՞ խոսում: Քաղաքական կամքն էլ պոզով-պոչով է՞ լինում»,-հարցրեց նա, ապա շարունակեց, որ իհարկե, սա բավարար չէ, բայց ասել, որ սա քիչ է, այդպես չէ:
Արփինե Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ համաձայն է, որ մրցութային խորհրդի առաջադիմական կազմում ընդդիմությունն ունենա թեկնածու, ձևաչափը կքննարկեն: Ապա նա հորդորեց որևէ մեկին դատավորի կերպարի մեջ չմտնել ու նախապես չասել, թե կաշխատի այս մարմինը, թե ոչ:
«Այս դահլիճում նստած յուրաքանչյուրիցս է կախված՝ կաշխատի այս մարմինը, թե ոչ, ոչ մեկս իրար սրբի դեռ չվերապահենք մեզ»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցություններին մաղթեց, որ կարողանան հայտարարի գալ ու միասնական թեկնածու առաջադրել:
«Ինչ վերաբերում է սրբերին, այս դահլիճում սրբեր չկան, սրբերը երկնքում են, բայց մենք ձգտում ենք կատարելագործվել»: