Բավական լուրջ քայլեր կատարել է Կառավարությունը. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
«Ամեն պաշտոնյա էլ գիտի, մեր պաշտոնյաներն էլ գիտեն, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի: Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Շիրակի մարզպետի փոփոխության մասին:
Ինչ վերաբերում է վարչապետին ու Կառավարությանն, ապա Արմեն Ռուստամյանն ասաց, թե այս պահին չի կարող խոսել այն մասին, թե ով է լինելու վարչապետ 5 տարի հետո, կամ արդյոք Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ ևս 5 տարի: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասում է, որ վարչապետը շարունակելու է պաշտոնավարել, և պատճառ չկա, որ նա հրաժարական տա, ՀՅԴ-ական պատգամավորն արձագանքեց. «Մենք խոսում ենք այս կառավարության մասին, 5 տարի հետո ինչ կլինի, դա արդեն հայտնի չէ»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս մի քանի ամիսների ընթացքում շոշափելի արդյունքներ տեսել է, որ իրենց ուժն էլ է վստահության քվե տալիս գործող Կառավարությանը, նա պատասխանեց. «Կառավարության փոխարեն հաշվետվություն չեմ կարող տալ, բայց բավական լուրջ քայլեր կատարել է Կառավարությունը: Իհարկե, մենք դա տեսել ենք: Եթե չտեսնեինք, ինչո՞ւ պիտի վստահության քվե տվել»:
Ըստ նրա՝ 3 րոպեում չի կարելի ներկայացնել, թե որոնք են եղել այդ փոփոխությունները:
Հարցին, թե ում է տեսնում վարչապետ 2018 թվականից հետո, նա ասաց. «Կգա 2018 թվականը, կտեսնենք, ես ձեզ նման 15 տարի հետոն չեմ կարողանում տեսնել: Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում տալ, ուզում եք 5 տարվա պրոգնոզ տամ»:
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենց մատնանշած խնդիրներից էլ Կառավարությունը լուծել է, և իրենք վստահություն տալու առիթ ունեն: