Անի Հովհաննիսյանը բացում է փակագծերը

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի, քանի որ այս գործին Գագիկ Ծառուկյանն է խառնվել:
Այս առիթով Անի հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում հերքում է Տիգրան Ուրիխանյանի հետ բանակցությունների մասին հրապարակումը: Ստորև ներկայացնում ենք Անի Հովհաննիսյանի հայտարարությունը.
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկում իմ վերաբերյալ մի հրապարակում է եղել, իբր իմ գործի հետ կապված ինչ-որ բանակցություններ են ընթանում: Իմ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հնարավոր բոլոր եղանակներով, ընդհուպ մինչև նույն հրապարակման մեկնաբանությունների մասում, հերքել է այդ հիմնազուրկ լուրը:
Այնուհանդերձ ես ևս հայտարարում եմ, որ ես՝ Անի Հովհաննիսյանս, բացառում եմ որևէ մեկի՝ առավել ևս իմ դեմ վկայած անձի հետ բանակցությունները, և դա այն պարզ պատճառով, որ անմեղ եմ ու որևէ հանցավոր արարք չեմ կատարել, ինչը ապացուցվում է ամեն դատական նիստում։ Բոլոր նրանց, ում հետաքրքրում է այս շինծու քրեական գործի ընթացքը, կարող են ծանոթանալ դատական նիստերի ամբողջական՝ չմոնտաժված տեսագրություններին, որոնք տեղադրվում են Անալիտիկ կայքում։
Հիշեցնեմ, որ իմ վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2017թ-ի հունիսի 8-ին ժամը 14:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: