27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումները աննախադեպ աճել են

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ 2002 թվականից ի վեր ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության կողմից իրենց իրավունքների ենթադրյալ խախտումների պաշտպանության նպատակով: 2016 թվականը առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ քաղաքացիների կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակի աննախադեպ աճի պատճառով: Հայաստանից, ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ է ներկայացվել 1,588 դիմում:

Դիմումների աճ

2013-ին Հայաստանից ստացվել է 196 դիմում, 2014-ին՝ 156, 2015-ին՝ 122, իսկ 2016-ին՝ 753:  

2014, 2015, 2016 թթ. ընթացքի մեջ գտնվող դիմումներ՝

Ըստ 2016թ․-ի վիճակագրության՝ անցյալ տարի ՀՀ քաղաքացիների կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակը 2015-ի համեմատ աճել է մոտ 6 անգամ, մինչդեռ անընդունելի հայտարարված դիմումների քանակը ոչ միայն չի աճել, այլև նվազել է:

Թանկ հաճույք

Մյուս կողմից, ՄԻԵԴ-ի վճիռները Հայաստանի դեմ ՀՀ բյուջեի համար էժան հաճույք չեն: Այսպես, 2016թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ, մոտ 86 հազար եվրո: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այս երևույթի պատճառները հայկական դատական համակարգում առկա սխալներն են:

Ինչո՞ւ են աճում դիմումները

ՄԻԵԴ Հայաստանից ներկայացվող դիմումների աննախադեպ աճը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի կարևոր գործոնով: Դրանցից առաջինը դրական գործոն է. ՄԻԵԴ մասին հայաստանյան հանրության տեղեկացվածության բարձրացումը դիմումների աճի պատճառ է: Տեղական դատական համակարգից արդարություն չստացած ՀՀ քաղաքացիները սկսել են դիմել այս ալտերնատիվ դատական ատյանին: Երկրորդ գործոնը ունի բացասական բնույթ՝ դա հայկական դատական համակարգի վատթարացումն է: Ըստ ամենայնի, տեղական դատական համակարգը ոչ միայն չի կարողանում բավարարել հայաստանցիների կարիքները, այլև վտանգում է նրանց իրավունքները: Երրորդ կարևոր գործոնը դա ոստիկանության կողմից վերջին տարիներին խաղաղ ցուցարարների հանդեպ բռնի ուժի աննախադեպ կիրառումն է ու քաղաքական պատճառներով ճաղերի հետևում հայտնվածների թվի էական աճը:

Փաստորեն, ՀՀ դատական համակարգի թերացումներն ու ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ անօրինական բռնությունները հանգեցնում են ՄԻԵԴ դիմումների կտրուկ աճին: Սա էլ իր հերթին ավելացնում է ՀՀ բյուջեից փոխհատուցվող տասնյակ հազարավոր եվրոների աճը: Մինչդեռ կարելի էր պարզապես կատարել դատական համակարգի բարեփոխումներ և խնայել ՀՀ հարկատուների գումարները և, ամենակարևորը, նվազեցնել խախտված իրավունքներով հայստանցիների թիվը:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ