Պետական հատուկ ծառայողը ոսկյա զարդեր է հափշտակել. մանրամասներ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ:
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է նույն մարզի բնակիչ Հ. Հ.-ի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության վերաբերյալ քրեական գործը: Դատաքննության ժամանակ` 11.05.2017թ.-ին, պարզվել է, որ հիշյալ քրեական գործով տուժող Հ. Հ.-ին պատկանող և նախաքննության ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված 203 ոսկյա զարդերից դատարանին ներկայացված և հետազոտման համար բացված փաթեթներում փաստացի առկա են եղել միայն 193-ը: Ընդ որում, տուժողը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ հիշյալ 193 զարդերից միայն 44-ն են ոսկյա, իսկ մնացած զարդերն արծաթից են կամ բիժուտերիա է:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով իրեղեն ապացույցների հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: