Նալբանդյանն ու եվրոպացի բանագնացները քննարկել են Հայաստան – ԵՄ փոխգործակցությունը
Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցության, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք շեշտվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում Հորիզոն 2020, COSME ծրագրերին միանալը, Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցության եւ Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ Հայաստան-Եվրոպական միություն 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը:
ԵՄ երկրների հատուկ բանագնացները բարձր գնահատեցին Հայաստանի կառուցողական եւ ակտիվ ներգրավվածությունը Արեւլյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներում։