Քննարկվել է «Սեւան» ազգային պարկի զարգացման հայեցակարգի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Կառավարությունից հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել է «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական եւ բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է եւ զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել լճի՝ որպես ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ու բարելավման, հանգստյան գոտու զարգացման եւ ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձեւավորման, կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, հողօգտագործման խնդիրների լուծման եւ մի շարք այլ ուղղություններով:
Քննարկվել են հայեցակարգով առաջարկվող բարեփոխումների, ինչպես նաեւ «Սեւան» ազգային պարկի կառավարման համակարգի բարեփոխումների եւ զարգացման հիմնադրույթների, Սեւանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները եւ մոտեցումները՝ վարչապետը կարեւորել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը եւ հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել: