«Պատասխան կլինի, հետ կկանգնեն, չի լինի, կգնան առաջ»
Մայիսի 26-29-ին Թբիլիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը բարձրացրել էր հայկական կողմի «Իսկանդեր համակարգերի» ձեռքբերման հետ կապված հարցը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Իսկանդեր համակարգերի ձեռքբերման հետ կապված հարցով բավական անհանգստացած են ադրբեջանական պատվիրակները, և դա նկատելի էր»,-ասաց Նահապետյանը և նշեց, որ հայկական կողմը պարզաբանեց, թե ինչպիսին է հայկական կողմի պաշտպանական քաղաքականությունը, առաջնահերթությունը և հստակ նշվեց, որ նպատակ ունի վերականգնել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում:
Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ ադրբեջանական պատվիրակների հայտարարությանը, թե ՌԴ-ից ՀՀ-ն անվճար զենք է ձեռք բերում, իրենք արձագանքել են. «Մենք հակառակ պնդում արեցինք, որ հարձակվողական զենք ձեռք բերելու համար Ադրբեջանն է միլիարդավոր դոլարներ ծախսում:
«Նաև բարձրաձայնեցինք, որ Ադրբեջանը Եվրոպայում սպառազինություններ ներկրող ամենախոշոր երկրներից է, որը վտանգում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի անվտանգությունը»,-ասաց նա:
Պատվիրակության անդամ Էդմոն Մարւքյանն էլ մեկ այլ հարցի անդրադաձավ, երբ կրկին ադրբեջանական պատվիրակությունը բնապահպանական թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե ԼՂՀ «օկուպացված» տարածքներում բնապահպանական աղետ է, Ջեբրաիլի անտառները այրվում են: Հարցին միջամտել է Մարուքյանը և նշել, որ որևէ հայտարարություն իրականությանը չի համապատասխանում, չկան ոչ օկուպացված, ոչ այրվող անտառներ և հայտարարում են հայտարության համար: «Ադրբեջանական կողմի խնդիրը հերյուրանքներ տարածելն է, պատասխան կլինի՝ հետ կկանգնեն, չի լինի՝ կգնան առաջ»,-ասաց նա: