Պատգամավորի պաշտոնը չի զիջում նախարարի պաշտոնին. Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նորընտիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իրեն տեսնում է Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նշենք, որ այսօր առաջին անգամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում էր:
Henaran.am-ի հարցին, թե նախկինում նախարարի աշխատանքից հետո պատգամավորի աշխատանքը այսպես ասած պաշտոնի իջեցում չի համարում, նա պատասխանեց. «Բացարձակ: Պաշտոնի իջեցման խնդիր չկա: Նախարարն այս երկրում իր անելիքներին ու սահմանադրական գործառություներն ունի, Ազգային ժողովի պատգամավորն՝ իր: ԱԺ պատգամավորի պաշտոնը չի զիջում նախարարի պաշտոնին: Բացի այդ պաշտոնը կարևոր չէ, կարևորը հանրությանը ծառայելն է»:
Դիտարկմանը, թե նախարարի պաշտոնում կարճ աշխատեց, հնարավո՞ր է, որ մանդատից էլ հրաժարվի որոշ ժամանակ հետո, նա արձագանքեց. «Ես իմ գործառույթներն իրականացնելու եմ օրենքի տառին համապատասխան, և եթե իմ քաղաքական ղեկավարությունը գոհ լինի իմ գործունեությունից, ես կշարունակեմ»:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա պատգամավորն ընդգծեց, որ իրենք դաշինքում ամեն ինչ հարթ ու հանդարտ է, խնդիրներ այլևս չկան: