Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործելու երաշխիքները
«Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործելու երաշխիքները: Պետք է լինի քաղաքական կամք, և այս մարմնի ստեղծումն արդեն այն մասին է խոսում, որ առաջ ենք գնում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության տեսակետից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
«Եթե դրա օրինակը ֆորմալ կիրառվի Հայաստանում, դա դեռ չի նշանակում արդյունավետություն, բայց վստահ եմ, որ այս մարմնի ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն այնքան կլինեն, որ մենք արդյունավետ կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մարմնում ընդդիմությունը ներկայացվածություն կունենա, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ այստեղ ոչ թե կարևոր է ընդդիմության ներկայացուցիչների թիվը, այլ այն, որ դրանում ընդգրկված յուրաքանչյուր մարդ կարողանա արդյունավետ գործել և համապատասխանի որոշակի չափանիշների:
Կոստանյանն ընդգծեց, որ պարտադիր չէ մարմնում ընդգրկված լինեն ընդդիմադիր գործիչներ, որպեսզի այն սկսի ընկալվել որպես անկախ և արդյունավետ մարմին:
«Այդ մարմնի անկախությունն ու դրա վերաբերյալ հասարակական ընկալումը մենք ունենալու ենք դրա գործունեության արդյունքում, այլ ոչ թե մենակ նրա համար, որ եթե ընդդիմությունը առաջարկել է այդ ներկացուցիչներին, ուրեմն հրաշալի անկախ մարմին ունենք»,- ասաց նա: