Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:
«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից մեր մանկապարտեզների բոլոր շուրջ 6000 աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: