Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է
2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց:
Նելլի Դուրյանը նշեց, որ դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կատարած աշխատանքի շնորհիվ անցած չորս ամիսների ընթացքում որևէ դեպք չի արձանագրվել:
Ոստիկանության պաշտոնյան, անդրադառնալով ընտանեկան բռնություններին, նշեց, որ հասարակության մեծ մասը տեղյակ է, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ, ահազանգերի թիվն աճում է:
«Ավելի շատ են հաղորդում դեպքերի մասին»,-ասաց նա:
ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն էլ հավելեց, որ կենտրոնի փորձառությունը ցույց է տալիս, որ մասնագետները դժվարանում են երեխաների բռնությունը կանխող խնդիրը լուծել, երբ այնքան է խորացել, որ ծնողներն անուշադրության են մատնում:
Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը նշեց, թե այս պահին իրենց կենտրոնն ունի 17 երեխա, որոնց համար լուծումներ գտնելը դժվարացել է, մինչդեռ կանխարգելման դեպքում ամեն բան ավելի հեշտ կլիներ: