Արդեն ձանձրացրել եք…վարչապետի ու Փաշինյանի ՛՛հարցուպատասխանը՛՛
Քիչ առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին “Փակ շուկայի” վերաբերյալ:
Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ քառօրյային, երբ Տիգրան Սարգսյանը ներկա չէր, նրա մասին շատ է խոսվել, խոսվել է նաև “Փակ շուկայի” մասին: Պատգամավորի խոսքով՝ դրանից հետո կառավարությունն սկսել է օրենսդրական նախաձեռնություններ ընդունել պատմական հուշարձանների պահպանման հետ կապված:
՛՛Կառավարությունը մեծամասնության հետ միասին ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստում` ցույց տալու, որ օրենսդրական բացն է պատճառը, որ կառավարությունը չի կարողանում հիմնավոր գործել “Փակ շուկայի” հետ հարցում՛՛,-ասաց Փաշինյանը, ապա հիշերցեց, որ մինչ այժմ առկա որոշումները հնարավորություն տալիս են կառավարությանը և նրան կից մարմիններին լիարժեք իրականացնել այդ գործառույթը:
Տիգրան Սարգսյանի պատասխանը կարճ էր` մշակույթի և քաղաքաշինության նախարարները զեկուցել են և իրենց վերապահված լիազորությունների համապատասխան որոշում կընդունեն: Փաշինյանին պատասխանը չգոհացրեց:
՛՛Անկեղծ ասած՝ ձեր Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան ձեր պատասխանը: Դուք ոչինչ չեք ասում, ի՞նչ են զեկուցել` հասկանալի չէ: Դուք ուղղակի հերթական անգամ չունեք պատասխան և ամբիոն եք բարձրանում ժամանակ լրացնելու համար: Գոնե երեք րոպե խոսեիք, հասկանայինք, որ բան եք ասում: Ձեր կառավարությունն ի զորու չէ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնել, որոնք հակասում են օլիգարխների քմահաճույքներին՛՛:
Արձագանքելով` վարչապետն ասաց, որ Փաշինյանի համար կարևորը խոսելն է, ոչ թե իր կողմից ներկայացվող խնդրի բովանդակությունը:
՛՛Ձեզ համար կարևոր չէ՝ ինչ հարց է քննարկվում Ազգային ժողովում, ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում, ցանկացած հարցի շուրջ նույնն ենք լսում ու ձանձրացել ենք ձեր գնահատականներից: Դուք դառնում են անհետաքրքիր, որովհետև պարեբարաբար կրկնվում եք՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը, ով Փաշինյանին խնդրեց իրեն չխանագարել, երբ նա միջամտում էր տեղից.
՛՛Ձեր գնահատականները միշտ նույնն են եղել, ձեզ չի հետաքրքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների կենսամակարդակի խնդիրը, ձեզ հետաքրքրում են ձեր ամբիցիաները, որպեսզի դուք բարձրացնեք ձեր քաղաքական ռեյտինգը՛՛: