Գրիգորիչը պաշտոն է խոստանում. Հայկական ժամանակ
Armtimes.com-ը այսօր Շիրակի մարզ ժամանած ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե կուսակցության ղեկավար կազմը ինչ պաշտոններ է նախապատրաստել Շիրակի մարզից պատգամավոր չընտրված Մարտուն Գրիգորյանի եւ Սուքիաս Ավետիսյանի համար: Նշենք, որ Ավետիսյանի եւ Գրիգորյանի վերաբերյալ հետընտրական օրերից առ այսօր քննարկվում են փոխնախարար դառնալու մասին տեղեկությունները:
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը armtimes.com-ին հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանը նրանց անգործ չի թողնելու:
«Բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ մենք պետք է կարողանանք որեւէ կերպ ոգեշնչել նրանց: Բնականաբար`Սուքիասն էլ կաշխատի որեւէ պաշտոնում, կարծում եմ հնարավորության դեպքում մի բան կտանք: Սուքիասն ամենալավագույն հանրապետականներից մեկն է»,- ասաց Սահակյանը:
Վերջինս անդրադառնալով Մարտուն Գրիգորյանին տրվող պաշտոնին, իր պարտքն համարեց հիշեցնել, որ Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ:
«Մարտունն ամենատաղանդավորն է, բայց ՀՀԿ-ական չի: Փոխնախարարի պաշտոն տալը միայն խոսակցություն է»,- եզրափակել է Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: