27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Նովել դ’Աղմենի» ամսագրին

Հարց. Պարոն նախարար, Հայաստանը 2018թ. հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը։ Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում այս կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս մեր նորանկախ պատմության մեջ իրավամբ նախադեպը չունեցող այս միջազգային մասշտաբի իրադարձությանը. Հանրապետության Նախագահի հրամանագրով վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հայաստան են այցելելու բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի երկրների գրեթե կեսից՝ երկրագնդի բոլոր ծայրերից։ Նման գագաթաժողովները, ինչպես հասկանում եք, մեկ շաբաթում կամ մեկ ամսում չեն կազմակերպվում։

Միայն գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշմանը նախորդած աշխատանքը տևել է շուրջ մեկ տարի, իսկ դրա նախապատրաստական աշխատանքները՝ Ֆրանկոֆոնիայի քարտուղարության հետ համատեղ արդեն սկսվել են։

Մարտին Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակներում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում կայացավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի միջև, որի ընթացքում քննարկվեցին երևանյան գագաթաժողովի առանցքային ուղղությունները։

Մոտակա օրերին Հայաստան է այցելելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության նախապատրաստական խումբը։

Առաջիկա ամիսներին կկազմվի գագաթաժողովի վերաբերյալ փաթեթը, ուր կարտացոլվեն գագաթաժողովի խորագիրը, գլխավոր թեմաները, պատկերանիշը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։

Այդ փաթեթը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ նախարարական համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Տոգոյում։ Այստեղ էլ՝ Երևանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ Հայաստանը կստանձնի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը՝ դրանից բխող աշխատանքային ողջ ծավալով։ Իսկ ահա արդեն 2018թ. աշնանը Հայաստանը երկու տարով կնախագահի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություններին միավորող այս խոշորագույն կառույցում։

Հարց․ Պարոն Նալբանդյան, եթե ամփոփ ներկայացնելու լինեք, ի՞նչ ակնկալիքներ Հայաստանը կարող է ունենալ Երևանում կայանալիք գագաթաժողովից։

Էդվարդ Նալբանդյան. Թերևս, ակնկալիքները կարելի է դասակարգել երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակիի մասին դեռ առիթներ կլինեն խոսելու, մասնավորապես, երբ ձևակերպվեն գագաթաժողովի նախագահության մեր բովանդակային առաջնայնությունները։ Այս առումով հստակ կարող եմ ասել, որ որպես Ֆրանկոֆոնիայում նախագահող երկիր՝ Հայաստանը հետամուտ է լինելու կազմակերպության նպատակներին՝ համերաշխությանը, ժողովուրդների իրավահավասարությանը, երկխոսությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մշակութային բազմազանությանը և այլ բարձր արժեքների ու սկզբունքների, որ մենք կիսում ենք մյուս անդամ պետությունների հետ, և որոնք մեզ խորապես հոգեհարազատ են:

Այս փուլում ես կանդրադառնայի որոշ անուղղակի դրական ակնկալիքների։ Նախ՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է աշխարհի համար առավել բաց, տեսանելի և մատչելի լինելը, կարևոր է մեր լայնածավալ ներգրավվածությունը միջազգային գործընթացներում։

Որքան լայն լինեն Հայաստանի արտաքին շփումների շրջանակն ու աշխարհագրությունը, այնքան լայն ու բարենպաստ կլինեն ընձեռված հնարավորությունները՝ ամենատարբեր առումներով։

Այն իրողությունը, որ բավական համառ մրցակցության արդյունքում հենց Ֆրանկոֆոնիայի ամենաերիտասարդ անդամներից մեկին՝ Հայաստանին վստահվեց շուրջ կեսդարյա պատմություն և միջազգային հարաբերություններում ուրույն դերակատարություն ունեցող այս կազմակերպության ղեկը, խոսում է մեր պետության արդյունավետ արտաքին քաղաքականության շնորհիվ ձեռք բերված հեղինակության և մեր հանդեպ վստահության ու համերաշխության մասին։

Կասկածից վեր է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լրացուցիչ ճանաչելիություն կհաղորդի մեր երկրին ամենատարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, զբոսաշրջային և այլ առումներով։ Պայմանական ասած՝ գագաթաժողովը պետք է ընկալել որպես յուրօրինակ ներդրում, որից շահում են բոլոր կողմերը՝ կազմակերպությունը, անդամ պետությունները, և, իհարկե, հյուրընկալող երկիրը։ Պատահական չէ, որ պետությունները միմյանց հետ մրցում են միջազգային նմանօրինակ մեծ հավաքներ իրենց մոտ անցկացնելու համար։ Իսկ Հայաստանն, ինչպես ասացի, գագաթաժողովը կազմակերպելու իրավունքը նվաճեց բավական սուր մրցակցության արդյունքում։

Հարց. Մեր ընթերցողներից ոմանց գուցե հետաքրքրեն այդ մրցակցության մանրամասները. փակագծեր չէ՞իք բացի։

Էդվարդ Նալբանդյան. Մեր աշխատանքի մեջ փակագծերը բացում է ժամանակը։ Կարևորն այն է, որ այդ որոշումն արդեն կայացվել է, և պետք է նայել առաջ ու լավագույնս պատրաստվել աննախադեպ այդ իրադարձությանը՝ կազմակերպության անխտիր բոլոր անդամ մեր գործընկերների հետ համագործակցաբար։ Ի դեպ, 2020թ. նշվելու է Ֆրանկոֆոնիայի կազմավորման 50-ամյակը և նախապատրաստական աշխատանքները տարվելու են հենց մեր նախագահության օրոք։ Հայաստանը նախագահությունը փոխանցելու է Թունիսին, և մենք մտադիր ենք սերտ կերպով աշխատել թունիսցի մեր գործընկերների հետ։

Հարց. Դուք ասացիք, որ այս միջոցառումը շահեկան կլինի բոլոր կողմերի համար. իսկ ի՞նչ կտա Երևանում գագաթաժողովի անցկացումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը։

Էդվարդ Նալբանդյան. Ինչպես Մադագասկարում գագաթաժողովի աշխատանքներն ամփոփող մեր համատեղ ասուլիսին նշեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու մի տարածաշրջանում, որտեղ այն քիչ է ներկայացված եղել։ Եվ դա տեղի է ունենում Հայաստանի շնորհիվ՝ այստեղից բխող համապատասխան եզրակացություններով։ Մշակույթների ու քաղաքակրթությունների այս խաչմերուկում, որ մեր տարածաշրջանն է, Ֆրանկոֆոնիայի արժեքները լավագույնս կարող են տեղակայվել՝ ի շահ բոլոր ժողովուրդների։

Նախատեսում ենք նաև գագաթաժողովի շրջանակներում քննարկել կազմակերպության համար այնպիսի կարևորություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Հուսով ենք երևանյան գագթաժողովն իր շոշափելի ներդրումը կունենա այս հարցերում։

Հարց. Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասով ի՞նչ կտա Երևանում գագաթաժողովի անցկացումը։

Էդվարդ Նալբանդյան. Եթե նկատի ունեք Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում մեր ժողովրդին հուզող առաջնային հարցերը, ապա մեր անդամակցությունից ի վեր Ֆրանկոֆոնիան անմասն չի մնացել դրանց բարձրաձայնման առումով։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը մեր լիիրավ անդամակցության գագաթաժողովին՝ 2012թ. Կինշասայում, մեր առաջարկությամբ դրա եզրափակիչ փաստաթղթերում տեղ գտավ նաև ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայտարարությունը, որը կոչ էր անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։ Հաջորդող բոլոր գագաթաժողովներին այդ ձևակերպումը հավանության է արժանանում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի ժամանակ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը առաջիններից էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ անընդունելի համարելով ուժի կիրառումը և շեշտելով խաղաղ հանգուցալուծման այլընտրանքի բացակայությունը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՖՄԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ հատուկ հայտարարությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին և ցավակցությունները հղեց Ցեղասպանության անմեղ զոհերի ժառանգներին։ 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը ցեղասպանությունների կանխարգելման բանաձև ընդունեց։ Համաժողովի մասնակից ութ տասնյակ երկրների և կառավարությունների պատվիրակությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հարց․ Պարոն Նալբանդյան, Դուք դեռևս որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան կանգնած եք ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի ներգրավվածության ակունքներում։ Կասե՞ք՝ ինչպես սկսվեց այդ ճանապարհը և որոնք էին նրա հանգրվանները։

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնում նշանակվելուն պես՝ սկսած 1999 թվականից: 2004թ. Ուագադուգուի գագաթաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ երկրի կարգավիճակ: Մեր ջանքերի շնորհիվ 2008թ. Քվեբեկի գագաթաժողովին Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացավ։ Այդ գագաթաժողովին մասնակցում էի արդեն որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար:

Հետագա տարիներին Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց, և 2012թ. Կինշասայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։

Հաջորդ փուլը 2015 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովն էր, որի կազմակերպչական որակն ու հաջողությունն արժանացան համընդհանուր բարձր գնահատանքի։ Այդ դրական փորձից հետո Հայաստանը որոշեց հանդես գալ նախաձեռնությամբ՝ հայտ ներկայացնելով հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը: Եվ ահա Մադագասկարի գագաթաժողովը միաձայն որոշում կայացրեց 2018 թվականին կազմակերպության ամենաբարձր մակարդակի հանդիպումը անցկացնել Հայաստանում։

Հարց. Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններում ո՞ր գործնական զարգացումներն ու հնարավորությունները կառանձնացնեիք։

Էդվարդ Նալբանդյան. Մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռում Հայաստանին՝ զարգացնել հարաբերություններն ինչպես բուն կազմակերպության, այնպես էլ անդամ պետությունների հետ՝ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով։

Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր առօրյայի մաս։ Դրա մասին են վկայում հարյուրավոր մշակութային և կրթական միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Անցյալ տարի դրան նվիրված շուրջ 500 միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, իսկ այս տարի դրանց թիվը շուրջ 600 է։

Կառանձնացնեի նաև Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջեւ ստորագրված՝ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրը, որը կոչված է ֆրանսերենի ուսուցումը մեր կրթական համակարգում և ֆրանսերենի դերը մեր համալսարաններում առավել ամրապնդելուն:

Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը: Մեր մայրաքաղաքաքը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ակտիվ անդամներից է։ Այս համատեքստում նշեմ, որ դեռ 2011թ. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը:

Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի խորհրդարանի միջև կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաև այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր:

Մեր մայրաքաղաք Երևանը Ֆրանկոֆոն քաղաքների ասոցիացիայի ակտիվ անդամներից է։ ՀՀ Սահմանադրական դատարանն ինտենսիվ կապեր է հաստատել ֆրանկոֆոն գործընկեր կառույցների հետ։ Մեր մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ հետևողական համագործակցության մեջ են Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ։ Այս թվարկումը կարելի է շարունակել, և այս բոլոր փաստերն, իհարկե, մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսևորումներ են:

Հայ հասարակության մեջ մեծ համակրանք ու լայն տարածում ունեցող ֆրանկոֆոնիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում են նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են ոչ միայն Ֆրանսիան, այլև Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ:

Ինչպես նշեցի, Ֆրանկոֆոնիան մեզ համար նաև կարևոր հարթակ է կառույցի անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և ամրապնդելու համար։ Որպես օրինակ նշեմ, որ Մադագասկարում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, կայացան ավելի քան երեք տասնյակ հանդիպումներ` հիմնականում այնպիսի երկրների հետ, որտեղ մենք դիվանագիտական ներկայացուցչություններ չունենք, հետևաբար, մեր հարաբերություններին առավել կանոնակարգված ու պարբերական բնույթ հաղորդելու խնդիր ունենք: Ֆրանկոֆոնիայում մեր համագործակցությունը, իսկ 2018թ.՝ նախագահությունը կծառայեն նաև այս նպատակներին։

Հարց. Պարոն Նալբանդյան, Դուք խոսեցիք Հայաստանում ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին։ Ֆրանկոֆոնիայի համատեքստում ինչպիսի՞ դեր են խաղում հայ-ֆրանսիական հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր ակտիվ ներգրավվածության հիմքում, անշուշտ, առկա են հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև պատմականորեն միահյուսված ամուր կապերը և խորը բարեկամության զգացումը, որոնք մերձեցնում են երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ մեր ժողովուրդների միջև հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ:

Մեր հասարակության գիտակցության մեջ որոշակիորեն առկա է նաև ֆրանսիական մշակույթի և լեզվի հետ կապվածությունը, որը սկսել է արմատավորվել դեռևս հին ժամանակներում, մասնավորապես, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր:

ՖՄԿ առանցքային գործիչներից մեկը՝ Սենեգալի նախկին Նախագահ, կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, իր վերջին հարցազրույցներից մեկում դիպուկ ձևակերպում էր տվել. Ֆրանկոֆոնիա նշանակում է ֆրանսերեն լեզու և արժեքներ։ Այդ թվում՝ արժեքներ, որոնց դրոշակակիրն է եղել դարեր շարունակ Ֆրանսիան՝ որպես մարդու իրավունքների օրրան և ժողովուրդների իրավահավասարության առաջամարտիկ։
Հենց այդպիսի ընկալում ունեն մեր հասարակության մեջ Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթը և ֆրանկոֆոնիան։

Հարց. Դուք հիշատակեցիք պարոն Աբդու Դիուֆին, պարոն նախարար։ Արդյո՞ք ծանոթ եք եղել Ֆրանկոֆոնիայի այլ ղեկավարների հետ:

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստեղծվել է 1997թ., և ինձ բախտ է վիճակվել ճանաչել այդ պաշտոնը զբաղեցրած բոլոր գործիչներին։ Ջերմորեն եմ հիշում Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար, դրանից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, լուսահոգի Բուտրոս-Ղալիին, ում լավ ճանաչում էի և անձնական հարաբերություններ էի հաստատել շուրջ երեսուն տարի առաջ՝ Եգիպտոսում իմ աշխատելու տարիներից:

2003-2014թթ. կազմակերպության գլխավոր քարտուղարն էր պարոն Աբդու Դիուֆը, որն, իրոք, նշանավոր անձնավորություն է, ով մեծապես նպաստել է ֆրանկոֆոնիայի տարածմանը։ Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երևան և այն մեծ հետաքրքրությունը, որ նա դրսևորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի ու պատմության նկատմամբ։ Նախագահ Դիուֆը առաջնորդող դեր կատարեց Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես հնարավորություն ունեցա նրան ավելի լավ ճանաչելու որպես վառ քաղաքական գործիչ և անհատականություն:

Գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում տիկին Միկաել Ժանի հետևողական ու սկզբունքային գործելաոճը՝ միտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարներն ու համամարդկային արժեքները առաջ մղելուն, որի շնորհիվ, վստահ ենք, էլ ավելի կմեծանա ֆրանկոֆոն ընտանիքի ազդեցությունը միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման, մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործում: Միկաել Ժանն իր եռանդով և ստեղծարար գաղափարներով հավելյալ լիցք է հաղորդում կազմակերպության գործունեությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ