Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը
Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին եւ իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:
Նիստի սկզբում խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետեւ քննարկվել է «ՀՀ Ազգային ժողովի մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանական մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը եւ վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել է գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության ունեցած հնարավորությունների սահմաններում:
«Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, եւ նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»:
Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության փորձագետների թվի ավելացման հարցը կքննարկվի առաջիկայում:
Խորհրդի անդամները կարեւորել են խորհրդարանի փորձագիտական կարողությունների շարունակական զարգացումը եւ այս հարցում գործուն քայլերի իրականացումը: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց գլխավորած հանձնաժողովների փորձագետների ավելացման հիմնավորումները՝ ծանրաբեռնվածություն, ոլորտային բազմազանություն, վերահսկողական գործառույթների ավելացում:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ամենամեծ բեռը իմն է: Ես ժառանգություն եմ ստացել մեծ աշխատակազմ՝ խորհրդականներ, օգնականներ, ու հիմա ասում եմ նրանց՝ ես ձեզ հետ չեմ աշխատելու: Գիտեք ինչ կա՝ «պետք է գոտիները ձգել»: Եկեք որեւէ մեկին վատ դրության մեջ չդնենք, որեւէ մեկին չպիտակավորենք, եկեք ազնվությամբ գնանք առաջ»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հանրագումարի բերելով բոլոր մտահոգությունները, առաջարկել է միացյալ երեք հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել փորձագետի հավելյալ երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներին՝ փորձագետի հավելյալ մեկական հաստիք: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին առաջարկվել է անդրադառնալ առաջիկայում:
ՀՀ ԱԺ նախագահի առաջարկն ընդունվել է ԱԺ խորհրդի անդամների կողմից:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովը շարունակելու է ուժեղացնել ԱԺ կարողությունները, այդ թվում փորձագիտական ներուժը, եւ գործուն քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր եւս: