Մի՛ վախեցեք դժվարություններից. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը «Վերջին զանգի» օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարևոր իրադարձության՝ «Վերջին զանգի» առթիվ։ Ցանկանում եմ, որ լինեք եռանդուն, նպատակասլաց ու լավատես:
Ձեզ սպասում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Մի՛ վախեցեք դժվարություններից, բարձր նշաձող սահմանեք ձեզ համար ու ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար:
Դուք պետք է ավելի լավը դարձնեք մեր երկրի վաղվա օրը և առաջիկա տարիներին հենց դուք եք ստանձնելու ինտելեկտուալ Հայաստան ունենալու մեր հավակնոտ ծրագիրն իրականացնելու պատասխանատվությունը։
Բարի երթ, սիրելի՛ երիտասարդներ», – Facebook-յան իր էջում գրել է վարչապետը։