“Սիթի-տուր” տարեցների համար
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1380638747.jpg)
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ի թիվս բազմաբնույթ միջոցառումների, որ իրականացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատների շահառուներ զբոսնել են Երևան քաղաքի պաշտոնական քաղաքային զբոսաշրջային երթուղու՝ “Երևան սիթի տուր”-ի երկհարկանի ավտոբուսներով։
“Այսօր Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել տարեցների համար։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ցանկանալով, որ տուն-ինտերնատի տարեցներն իրոք անակնկալ, ինքնատիպ օր անցկացնեն, առաջարկեց այսօրվա այս երթուղին նրանց տրամադրել։ Մեր տարեցների արձագանքից կարող եմ հաստատապես ասել՝ սպասումներն արդարացվել են”,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
“Երևան սիթի-տուր”-ի մասնակից շուրջ 100 շահառուների խոսքով՝ այսօր անմոռանալի օր են անցկացրել, և առաջինն ինչ նկատել են, շատ ավելի գեղեցկացած Երևանն է, որտեղ կատարված մեծ աշխատանքը երկհարկանի ավտոբուսի բարձրությունից ավելի լավ է երևում։