Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին՝ ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես եւ լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթեւեկելուց:
Ցավոք, դեռեւս կան վարորդներ, որոնք անտեսում են այս պահանջը՝ ոչ միայն անհարմարավետություն ստեղծելով երթեւեկության մասնակիցների համար, այլեւ ուղղակիորեն վտանգելով թե իրենց, թե ուրիշներին:
Կրկին կոչ ենք անում վարորդներին առավելագույն կարճ ժամանակում վերացնել հիշյալ խախտումները՝ ավտոմեքենաները բերելով պատշաճ վիճակի:
Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են, իսկ վարորդը մեկն է երթեւեկության բոլոր մասնակիցներից՝ անկախ իր սոցիալական վիճակից, դիրքից, պաշտոնից եւ որեւէ առավելություն ու արտոնություն չունի մյուսների նկատմամբ:
Ճանապարհային ոստիկանության օրինական պահանջին չենթարկվող վարորդները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: