Ինձնից եմ սկսել. Հովիկ Աբրահամյանի ակնարկը
ՀՀ Գլխավոր դատախազին ոչ մի պարտավորություն չի բերում այն, որ Ազգային ժողովն է նշանակում իրեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի թեկնածության մասին արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ իրենց գոհացնում է Կոստանյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահը նկատեց, որ նախկին գլխավոր դատախազի ու Ազգային ժողովի աշխատանքում եղել են թերություններ, ինչը բնական է, սակայն նա ընդունելի չի համարում այն, որ Աղվան Հովսեփյանին շատերը սկսել են քննադատել հիմա, երբ նա այլևս չի պաշտոնավարում:
՛՛Ես ճիշտ չեմ ընդունում, որ Գլխավոր դատախազը հիմա պաշտոնին չէ ու փորձում ենք սևացնել ու փնովել նրան: Պետք է աշխատանքի պահին քննադատել, ես դրա կողմնակիցն եմ՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահին ուրախացնում է այն, որ նախագահի ներակայացրած թեկնածուի նկատմամբ ոչ մի հիմնավոր քննադատություն չեղավ ընդդիմադիրների կողմից, բացի այն, որ ասում էին՝ ՛՛Դուք լավն եք, բայց դեմ ենք քվեարկելու: Ես համաձայն եմ, որ մենք ճիշտ գնահատենք երևույթները և հնարավորություն տանք ապագա գլխավոր դատախազին, համագործակցեն Ազգային ժողովն ու Դատախազությունը:
Կա հնարավորություն, որ անձը համակարգում մեծ փոփոխություններ իրականացնի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված՛՛,-Աբրահամյանն ընդգծեց՝ հավելելով, որ երբ Սինգապուրի վարչապետին հարցնում են, թե ինչպես կարողացավ համակարգային փոփոխություններ անել, նա պատասխանել է՝ ինձնից եմ սկսել: