Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել
Թուրքիայի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը:
Աղբյուրի համաձայն՝ Պոլսո հայոց պատրիարքարանը առաջիկայում պետք է հանդես գա հրաժարականի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում էին: Իսկ մարտի 15-ին տեղի ունեցած պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը մինչ օրս հնարավորություն չէր ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:
Թուրքիայի հայ համայնքում Արամ Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում էին, անգամ պատրիարքական փոխանորդի հրաժարականի պահանջով «Change.org» կայքում ստորագրահավաք էր սկսվել: