Փողը վերցրեց, փողոց դուրս չի գա. ընտրակեղծարարի խոստովանությունը
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր ու նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը մի շարք պատճառներ է տեսնում նրա մեջ, որ ի տարբերություն 2008 թվականի, 2013-ի՝ խորհրդարանական այս ընտրություններից հետո ցնցումներ, բախումներ չեղան: «Հասարակությունը հիասթափվել է և հոգնել: Ի վերջո, չի կարող տասնամյակ շարունակ հասարակությունը պայքարի մեջ լինել և ծանր հարվածներ ստանա: Չմոռանանք 2008-ի կրակոցները, սպանություններն ազդում են մարդկանց վրա, մարդիկ վախենում են, հիասթափվում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Երկրորդ պատճառն այն է, որ եթե նախագահական ընտրությունների ժամանակ բացի իշխող ուժից ու նրա առաջնորդից միշտ այլ առաջնորդ էլ է եղել, այսինքն՝ մեկն, ում շուրջ կարող էին հավաքվել դժգոհները, բողոքողները, այս անգամ չկար: «Շատ դժվար է մարդկանց համար հասկանալ, որ խորհրդարանական ընտրություններն արդեն ոչ միայն խորհրդարանական են, այլև՝ նախագահական»,-նշեց նա:
Արա Պապյանը երրորդ պատճառ բերեց այն, որ ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին՝ ընտրատեղամասերից դուրս. «Պայմանավորվում էին, կաշառում էին, մարդիկ գալիս էին, ընտրում: Դժվար է այն մարդուն, ով կաշառք է վերցրել, ինչ-ինչ պայմաններում փողոց դուրս գալ: Ինքս հիշում եմ, որ տարիների առաջ հարցրեցի հայտնի կեղծարարներից մեկին, որ փողը տալիս եք, չե՞ք վախենում, որ ինքն ուրիշին կքվեարկի: Պատասխանեց՝ դա էական չի, կարևորն այն է, որ ինքը որ փողը վերցրեց, փողոց դուրս չի գա, մնացածը մենք կլուծենք: Կաշառքի պատճառներից մեկն էլ ժողովրդին հոգեբանորեն կոտրելն է: Ի վերջո, ժողովուրդն այն աստիճանի դեռ փչացած չէ, որ փող վերցնի, քվեարկի ուրիշի օգտին ու փողոց դուրս գա:
Նաև փոքր քաղաք է. այն մարդիկ, ովքեր կեղծարարությամբ են զբաղվում, կգան, կասեն՝ դու խոստացել էիր մեր օգտին քվեարկել, սխալ բան ես արել»,-եզրափակեց Արա Պապյանը: