՛՛Ձեզ գլխավոր դատախազի լիազորություններ մի վերագրեք… ՛՛ /վիդեո/
Այսօր Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկին ձայնի իրավունք խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե տեղյակ է ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ կատարված միջադեպից, և արդյոք պահանջել է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարից բացատրություն:
ԱԺ նախագահը պատասխանեց, որ դեպքի հաջորդ օրն իսկ խոսել է Փոստանջյանի հետ, իսկ այսօր զորքերի հրամանատարից բացատրություն է ստացել, սակայն դեռևս չի հասցրել նամակն ընթերցել:
՛՛Ընդմիջումից հետո կծանոթանամ և կփորձենք համապատասխան գնահատական տալ՛՛,-ասաց ԱԺ նախագահը: Փաշինյանը նշեց, որ այս պատասխանը չէր ակնկալում Հովիկ Աբրահամյանից, ապա մեկ ուրիշ հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի առնչությամբ:
՛՛Վերջին անգամ ե՞րբ է նա տարեկան հաշվետվություն ներկայացրել, որն է պատճառը, որ նա չի ներկայացրել հաշվետվություն մի քանի տարի: Սահմանադրությունը խախտվել է՛՛,-ընդգծեց Փաշինյանը:
Աբրահամյանը նշեց, որ դա իրեն էլ է մտահոգում և պետաիրավական հանձնաժողովի նախագահի մոտ հարցը բարձրացրել է: ՛՛Ես կողմնակից եմ, ամեն ինչ անելու եմ, որ նա ներկայացնի հաշվետվություն՛՛,-խոստացավ ԱԺ նախագահը:
-Չի եղել նման դեպք, որ հաշվետվություն ներկայացվի, պատճառը կանոնակարգ-օրենքի ոչ հստակ ձևակերպումն է,-նետեց Փաշինյանը:
Ձեզ գլխավոր դատախազի լիազորություններ մի վերագրեք և մեղադրանքներ մի հնչեցրեք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք խոսում եք խոսելու համար,-արձագանքեց ԱԺ նախագահը: