«Կաշկանդում են, ճորտացնում են Ազգային ժողովի պատգամավորներին»
«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանի ներկայացմամբ` օրենքով խորհրդարանի դերը մեծանում է և 2018-ից հետո պիտի առավել մեծանա, բայց գործնական առումով այդպես չի լինելու: «Ես կարծում եմ, որ խորհրդարանի համակարգը սխալ է ձևավորված: Օրինակ` վարչապետի պարտադիր պատգամավոր չլինելը սխալ է, այսինքն
` վարչապետը պետք է լինի իշխող կոալիցիայի լիդերը, նաև մանդատակիր, նա պետք է ընտրվի, հետո հրաժարվի մանդատից ու դառնա կառավարության ղեկավար, ինչը մեծ թերություն է: Սա նշանակում է, որ մենք անընդհատ ունենալու ենք դրածո վարչապետ, կախյալ, ոչ թե իր ծրագրերին հավատարիմ, այլ անընդհատ պատվեր կատարող»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ազատ Արշակյանն ընդգծեց` չնայած խորհրդարանական համակարգը համարվում է ավելի ժողովրդավարական, բայց միայն այն դեպքում, եթե կայացած են քաղաքական ուժերը, եթե դա անկախ պետություն է, եթե հասարակությունն է դա պատվիրում: «Մեր հասարակությունը պիտի դա պատվիրեր, օրինակ` բրիտանացիներն անարխիստ են, նրանք 800-ամյա դեմոկրատիա ունեն, բայց ապրում են թագավորությունում: Իսկ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում, որովհետև մենք պետական հարցերում վճիռ կայացնելու իրավունք չունենք:
Այս իմաստով մտածում եմ, որ խորհրդարանականը գուցե լավ է, բայց պիտի լինի իշխանություն, իսկ մեզ մոտ ընտրված խորհրդարանը նախ պիտի լինի իշխանություն, սակայն զրկված է ազատությունից, փայաբաժինների, ակցիաներական ընկերություն է դարձել այն կայուն մեծամասնության պատճառով, դա անընդունելի է, հետո ցենզ է դրված: Եվ դրանք բոլորը կաշկանդում են, ճորտացնում են Ազգային ժողովի պատգամավորներին»,-կարծում է Ազատ Արշակյանը:
Վերջինս ասաց, որ իրադրությունը հասարակության մեջ, քաղաքական դաշտում փոխվում է, իսկ պառլամենտը մնում է նույնը, պահպանողական լինելը տվյալ դեպքում լավ չէ: «Լավը չի Սահմանադրությունով մեր խորհրդարանը, բայց հայ ժողովուրդն ինքնակառավարվող ժողովուրդ է, ինչքան քիչ խանգարի իշխանությունը, այնքան մեր քաղաքացիները լավ կապրեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը: