Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ինջիրլիք ռազմաբազայից գերմանացի զինվորներին դուրս բերելու մասին Գերմանիայի բարձրաստճան պաշտոնյաների հայտարարություններին:
Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո ինչ Թուրքիայի իշխանությունները արգելեցին գերմանացի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինվորների հետ, գերմանացի մի շարք պաշտոնյաներ սկսեցին խոսել իրենց զինվորների դուրս բերման մասին: Մասնավորապես, Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար Ինջիրլիքի փոխարեն այլընտրանքային տարբերակ կարող է լինել Հորդանանը:
«Եթե Գերմանիան ցանկանում է Ինջիրլիքից դուրս գալ, նրանց չենք աղաչի,որ մնա: Երբ նրանք ցանկացան գալ, մենք օգնեցինք, եթե ցանկանան հեռանալ, ուրեմն՝ «բարի ճանապարհ»»,-ըստ «BBC» լրատվամիջոցի թուրքական ծառայության` ասել է Չավուշօղլուն` թուրքական «NTV» հեռուստալիքի եթերով։
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ռաքքայի օպերացիային, ինչպես նաև խոսել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ռազմական օգնություն տրամադրելու հարցի շուրջ:
«Այնտեղ որտեղ կան Սիրիայի քրդական ուժերը`օրինակ Ռաքքայի օպերացիայում, մենք չենք կարող լինել: Մեր նախագահը դա շատ պարզ և հստակ փախանցեց ԱՄՆ-ի նախագահին և պատվիրակությանը փոխանցեց: Նա նաև նշեց, որ մենք պայքարելու ենք Սիրիայի քրդական ուժերի դեմ, համապատասխան միջոցներ ենք կիրառելու և կարող ենք նույնիսկ հարվածել»,-հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։