Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/ss_1380206886.jpg)
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Նախագահը մասնակցել է վերակառուցված և արդիականացված Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում այցելել Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ շրջայցի ժամանակ ծանոթացել է հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս: Քաջարանի բժշկական կենտրոնը, որի արդիականացման ուղղությամբ աշխատանքներն սկսվել են 2011թ. օգոստոսին, պատասխանատուների ներկայացմամբ, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջովին հագեցված են վիրասրահները: Կենտրոնը հագեցված է նաև կահույքով և բժշկական պարագաներով: Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի արդիականացման ծրագրի իրականացման վերաբերյալ Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ արդեն իսկ կատարվել են հողային աշխատանքները, մշակման փուլում են նախագծահաշվային փաստաթղթերը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել մշակույթի պալատի շենքի ճակատային մասի, ջրավազանի վերակառուցման, շատրվանների՝ երաժշտական նվագակցությամբ համահունչ գունաձայնային էֆեկտներով համալրման և վերանորոգման, ջրավազանին կից տարածքում հանգստի գոտու կազմակերպման, ինչպես նաև զբոսայգուն հարակից Վաչագան գետի ջրային ավազանի բարեկարգման աշխատանքները: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինարարական աշխատանքները, ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում, սկսվել են 2011թ. սեպտեմբերից: Նախագահին զեկուցվել է, որ մինչև 2013թ. դեկտեմբեր կիրականացվեն ուսումնական այդ հաստատության տանիքի, դռների և լուսամուտների տեղադրման, ներքին ջրագծի և կոյուղու մոնտաժման, հատակի նախապատրաստական շերտի կառուցման և ներքին հարդարման աշխատանքները: Կառույցն ավարտելու նպատակով ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 204.0 մլն դրամ: Նշվել է, որ դպրոցի ուսումնական գործընթացը ներկայումս կազմակերպ¬վում է քաղաքի այլ դպրոցներում: Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը այցելելով նաև Սյունիք համայնքի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս՝ ծանոթացել է իրականացված ներդրումներին և արտադրամասի զարգացման ծրագրերին: Արտադրամասը, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են 2012-2013թթ., պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա մանր եղջերավոր անասունների ընդունման, մորթման և պահման գործընթացներն իրականացնել ժամանակակից մեթոդներով: Նախատեսվում է արտահանում իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետություն: Ընկերությունում աշխատում է 43 մարդ՝ 180.0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտահանման ծավալների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 75-ի: Նշվել է, որ արտադրամասի գործարկումը կարևոր է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, այլև լուրջ խթան է մարզում, ինչպես նաև ամբողջ հանրապետության տարածքում մանր եղջերավոր անասունների բուծման համար: |