11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին. Ժառանգություն

Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ՛՛Ժառանգության՛՛ կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ: Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են ՛՛Ժառանգության՛՛ քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման:

Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ:

Սակայն երեկոյան՝ ետդարձի ճանապարհին, ՛՛Ժառանգության՛՛ ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ:

Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոեւ Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը:

Սակայն  Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ: Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

Մենք  դիտարկում ենք այս միջադեպը որպես  կոպիտ արտաքին միջամտություն  ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը  տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝  Հանրապետական կուսակցության եւ անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ: Այն եւս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած եւ իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

՛՛Ժառանգություն ՛՛կուսակցություն

26 սեպտեմբերի 2013թ.

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ