Հայկական ֆիլմի հաջողությունը
“Ոսկե ծիրան” 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած “Այդ ես չեմ” ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան “Կինոշոկ” կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակաների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ “Այդ ես չեմ” ֆիլմը “Հայակ” 2-րդ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ “Լավագույն ֆիլմ” մրցանակին: “Այդ ես չեմ” ֆիլմը հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող 9-մասանոց տաղի սկզբունքով է և շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` “Փարոսի” բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները: