Հայրիկյանը դժգոհ է դատարանից. վերջինս օրենք է խախտել
ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն անտարբեր է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ դատարանի վճռից:
”Անտարբեր եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանն, ապա հավելեց. ”Իր նման շատ մարդիկ կա, որ ֆռֆռում են և երջանիկ կլինեին, որ փող ստանալով՝ մեկի վրա կրակեին…մեկն` ավել, մյուսը պակաս”:
Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը քննության չառավ Հայրիկյանի քաղհայցը՝ փոխահոտւցման համար, ԱԻՄ ղեկավարն ասաց. ”Դատարանն օրենք է խախտել: Եթե դատարանը նրան հանցագործ է ճանաչել, ուրեմն պետք է հանցագործից պահանջեր գումար փոխհատուցել: Այս հարցով դատարանը մինչև վերջ չի գնացել, ինչպես և հանցագործության բացահայտման հարցում”:
Հարցին, թե կդիմի քաղաքացիական հայցով դատարան, Հայրիկյանը պատասխանեց. ”Դա փաստաբանս գիտի”:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաավարությունը: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա:
Վարդան Սեդրակյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը՝ ասելով, որ ինքը կապ չունի մահափորձի պատվիրման հետ: Դատարանը նրան դատապարտեց 14 տարվա ազատազրկման: