«Տգեղ են. ի՞նչ է՝ կո՞ւյր եք, չե՞ք տեսնում»
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը հիմնական, էական հարցերին չեն անդրադառնում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանրային տարածքների յուրացումը գլխավոր խնդիրներից մեկն է Երևանի համար, իսկ դա, ինչքանով որ ինքն է նկատել, ոչ մեկը չի բարձրաձայնում: «Բակեր, մայթեր, այգիներ, երբ այդ ամենը յուրացվում է, դրա տեղում կառուցվում է ռեստորան, բազմաբնակարան շենք, անթույլատրելի է, որովհետև դա ժողովրդի տարածքն է, որը քաղաքապետարանի միջոցով որոշ ժամանակահատվածով տալիս են, այսինքն՝ ամենաանարդար ձևով հանրային ունեցվածքը մասնավորեցվում է»,-նշեց նա:
Ըստ մեր զրուցակցի՝ Երևանի փոքր կենտրոնը պետք է ունենա հակակառուցապատման մասին օրենք, պետք է փակ լինի շինարարության համար: «Այդ բազմաբնակարան շենքերը, որ ամբողջ Աբովյան փողոցով կառուցում են, տգեղ են: Ի՞նչ է՝ կո՞ւյր եք, չե՞ք տեսնում: Նույն օղակաձև այգին պատվեց ռեստորաններով ու համալիրներով, դա հանցանք է, հետո ասում են՝ կանաչ տարածքներ ավելացնենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քարոզարշավի տեխնոլոգիաներին, ապա Կ. Հակոբյանը շեշտեց, որ ոմանք ասում են, որ այդ տեխնոլոգիաները՝ օրինակ՝ տանիքից տանիք ցատկել, հեծանվաերթ, ավտոերթ, աշխատում են, ոմանք ասում են՝ ոչ, սակայն իր համար կարևորն այն է, թե տանիքի վրա բարձրանալով քաղաքական գործիչն ինչ է ասում: