26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկեսրայրը ոտքի տակ ջարդել է հարսին. դատարանի որոշումը. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արդուշ Ա.-ի դատական գործի քննությունը:

64-ամյա Արդուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված նախկին հարսին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ոչ ծանր մեղադրանքով այս գործի դատական քննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից:

Ըստ մեղադրանքի՝ Արդուշ Ա.-ն 2015 թվականի հունիսի12-ին, ժամը 18-ն անց 45-ի սահմաններում «Երիտասարդական» մետրոյի հարակից այգում ծեծի է ենթարկել 2 տարեկան երեխային գրկած  նախկին հարսին ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ամբաստանյալ Արդուշ Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե դեպքի օրն ընկերոջ հետ ժամադրված էր մետրոյի մոտի այգում: Մինչև ընկերոջ գալը այգում անսպասելի տեսել է թոռնիկին: Երկու տարեկան երեխան մենակ կանգնած՝ «մամա» էր կանչում: Ինքը նայել է շուրջը ու տեսել է, որ նախկին հարսը՝ թիկունքով դեպի երեխան, զրուցում է ընկերուհու հետ:

Ինքը բարձր գոռացել է հարսի անունը, վերջինս վազելով մոտեցել է երեխային: Ինքն էլ քայլելով է մոտեցել թոռնիկին: Հարսն ու նրա ընկերուհին, իրեն մոտենալով, սկսել են պայուսակներով հարվածել իրեն: Ինքը փորձել է «ամբողջ մարմնով պաշտպանել, որպեսզի հարվածները երեխային չդիպչեն»:

Հարսի ընկերուհին շարունակել է իրեն հարվածել, իսկ հարսը երեխային գրկած՝ հետ-հետ է գնացել ու ընկել է գետնին: Երբ ընկել է, նրա հետևի մասում պատ է եղել, ընկնելու ժամանակ հարսը դիպել է այդ պատին, երևի այդ ժամանակ է վնասվել: Նրա օգնության կանչերի վրա երեք տղամարդիկ են մոտեցել, մեկը իրեն հրելով տարել է շատ հեռու:

Ամբաստանյալը պնդել է, թե ինքը չէր կարող հարվածներ հասցնել նախկին հարսին, որովհետև թոռնիկը հարսի գրկին էր: Եթե ինքը ոտքով հարվածեր հարսին, հարվածը թոռնիկին կդիպչեր, բացի այդ՝ հարսի վնասվածքն էլ թեթև չէր լինի, այլ հնարավոր է՝ ոտքը կոտրվեր: Ինքը հարսի համար եղել է հոգատար սկեսրայր…

Տուժող Ասյա Ս.-ն (անունը փոխված է) հայտնել է, որ դեպքի օրը իր երկու տարեկան երեխայի ու ընկերուհու հետ դուրս էր եկել զբոսանքի: Մինչև այգի մտնելը երեխան իր գրկին էր, այգում երեխային իջեցրել է, մի քանի քայլ են արել, ինքը շրջվել ու տեսել է նախկին սկեսրայրին, ով արագ-արագ մոտենում էր երեխային: Նա որևէ բան չի ասել, չի խնդրել երեխային գրկել: Ինքը ավելի վաղ երեխայի հետ շփվելու տարբերակներ առաջարկել էր, բայց ամուսնու ընտանիքը չէր համաձայնել:

Սկեսրայրին տեսնելով՝ ինքը երեխային գրկել է՝ վախենալով, որ նա կվերցնի երեխային ու կտանի: Սկեսրայրը մոտեցել, ամբողջ ուժով երեխային քաշել է իր գրկից, իրեն հրել ու գցել է գետնին: Հետո նա ոտքով մի քանի անգամ հարվածել է իրեն: Ինքն օգնություն է կանչել: Ընկերուհին էլ է օգնություն կանչել: Մի քանի տղամարդիկ են մոտեցել, բռնել են սկեսրայրին, ասել են՝ ի՞նչ ես անում: Նա պատասխանել է, թե ցանկանում էր երեխային համբուրել… Սկեսրայրին հեռացրել են իրենից:

Ընկերուհին օգնել, իրեն բարձրացրել է գետնից: Ինքը նստել է մոտակա բացօթյա սրճարանում, մի քանի կին են մոտեցել, փորձել են օգնել, բայց երեխան շատ անհանգիստ է եղել: Իր տունը այգու մոտ է, ինքը երեխայի հետ գնացել է տուն: Դեպքի մասին պատմել է իր ընտանիքի անդամներին: Հայրը զանգահարել է ոստիկանություն: Այդ օրն իրեն զանգել է սկեսուրը, ասել է, թե իրեն հետևում են…

Նախկինում եղել են դեպքեր, երբ նախկին ամուսնու ընտանիքը փորձել է երեխային  տանել: Այդ օրն էլ, ըստ տուժողի, սկեսրայրը պլանավորված եկել է երեխայի հետևից…

Տուժողը դատարանում պահանջել է, որ ամբաստանյալը ենթարկվի պատժի:

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժողի վնասվածքները հետևանք են բութ առարկաների ներգործության, այդ թվում՝ հարվածի:

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի ստացած վնասվածքների տեղակայությունը հիմք է տալիս բացառելու համակցության մեջ վնասվածքների առաջացման հնարավորությունը «սայթաքելու հետևանքով ընկնելու արդյունքում կամ մանկահասակ երեխայի կոշիկի կոշտ շփումներից… Վնասվածքները կարող էին առաջանալ կոշիկ կրող ոտքով որոշակի ուժգնությամբ հարվածներ հասցնելու հետևանքով…»:

Դատարանը Արդուշ Ա.-ին մեղավոր է ճանաչել նախկին հարսին ծեծելու համար և դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի:

 
 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ