Թույլ չեմ տալու, որ ինձ մանդատից զրկեն. Նապոլեոն Ազիզյան
«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը Henaran.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ինքնաբացարկի դիմում չի գրել, ավելին, վերցնելու է իր մանդատը: «Ես իմ մանդատն ստացել եմ ժողովրդի կամքով, ժողովրդի քվեն եմ ստացել, այսինքն, իհարկե, թույլ չեմ տալու, որ ինձ զրկեն այդ իրավունքից»,-ասաց նա:
«Ես ապրիլի 2-ից հետո տնից դուրս չեմ եկել, բնականաբար, դիմում էլ չեմ գրել»,-հայտնեց նա:
Հարցին, թե ինչու են այսպես վարվում իր հետ հարազատ կուսակցությունում, նա պատասխանեց, թե այդ մասով հետո մեկնաբանություններ կտա, սակայն այս պահին հայտնի է, որ չի հեռանալու ԲՀԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ինքնաբացարկների ցանկում էր նաև Նապոլեոն Ազիզյանը, սակայն ըստ նրա, իր տեղը ուրիշն է գրել այդ դիմումը: Պարզվում է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների թեկնածուներից Խաչիկ Մանուկյանն էլ է հայտարարել, որ ինքնաբացարկ չի ներկայացրել, թեպետ իր անունն էլ կա այդ ցուցակում: