Օրակարգում ցեղասպանության 100-րդ տարելիցն է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/2_1379600270.jpg)
“Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ” խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության արդար պահանջները միջազգային հանրությանը առավել լայնորեն ներկայացնելու, հասարակական կարծիքի հզոր ճնշում ձեւավորելու համար:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը եւ ընդգծեց բանակի դերը մեր հասարակության կյանքում:
ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում բարձր գնահատեց համաժողովի մասնակիցների, Հայ եկեղեցու, հայ ավանդական կուսակցությունների համապատասխան կառույցների, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական գրասենյակի, Սփյուռքի մյուս կառույցների ներկայացուցիչների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն գործում:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան պատասխանեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ ԶՈւ-ում ընթացող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին, Սփյուռքի կառուցների հետ համագործակցության հեռանկարներին: