Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ռուս տիեզերագնացների
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՌԴ Զվյոզդնի քաղաքի քաղաքապետ, տիեզերագնաց Վալերի Տոկարևի գլխավորությամբ Երևան ժամանած ռուս տիեզերագնացների, ովքեր Հայաստան են այցելել՝ մասնակցելու երեկ մեկնարկած «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հյուրերը կհասցնեն վայելել Երևանի ջերմությունն ու հմայքը և իրենց հետ կտանեն Երևանի մասին հաճելի հիշողություններ:
«Երևանն իսկապես հյուրընկալ ու հյուրասեր քաղաք է, և համոզված եմ, որ այս օրերին դուք կկարողանաք լիարժեք վայելել մեր քաղաքի ջերմությունը: Շատ ուրախ ենք, որ այս տարի դուք ևս դարձել եք «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնության մասնակիցներ, որը համախմբում է ինչպես սփյուռքահայերին, այնպես էլ մեր բարեկամ ու գործընկեր քաղաքների մարզասեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը նշել են, որ հիացած են հնամենի մայրաքաղաքի զարգացման տեմպերով ու բնակիչների ջերմ վերաբերմունքով: Ռուս տիեզերագնացներ Ալեքսանդր Իվանչենկովն ու Սերգեյ Տրեշյովն էլ, ովքեր արդեն երկրորդ անգամ են այցելում Երևան, ընդգծել են, որ իրենց համար Հայաստանի մայրաքաղաքը հարազատ տան նման է, որտեղ անցկացրած օրերն իսկապես հիշարժան են: