Վարչապետը կրկին ոչինչ չասաց
Այսօր կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց հավանություն տալ մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը նշեց, որ նախորդ տարի ՀՀ և ՌԴ նախագահները պայմանավորվել են, որ ստեծվելու է աշխատանքային խումբ, որը կքննարկի Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հնարավորությունները՝ կապված նրա հետ, որ ՀՀ-ը չունի միասնական սահման Մաքսային միության հետ: Մինասյանը հայտնեց, որ դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծել էր աշխատանքային խումբ, տեղի են ունեցել պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվեց 2-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ, իսկ Արդարադատության նախարարին` ներկայացնել առաջարկություն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանության հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի վերաբերյալ ոչինչ չասաց: Նախորդ շաբաթ ևս նա Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված տեսակետ չէր հայտնել: